ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի՝ «Գրողի ծոցին վավերացնեք» արտահայտությանը, նշեց, որ այն իդիոմատիկ արտահայտություն է, որը թարգմանվել է անգլերեն որպես իդիոմ: ՀՀ նախկին արտգործնախարարը նշեց, որ ինքը ՄԱԿ-ի ամբիոնից լսել է տարբեր հայհոյանքներ ու ելույթներ: Նա հիշեցրեց, թե ինչպես էր ՈՒգո Չավեսը սատանա անվանել Ջորջ Բուշին, Քադաֆին է իրեն թույլ տվել վիրավորական արտահայտություններ, եղել է Խրուշչովի կոշիկի հայտնի պատմությունը:
«Այդ դահլիճն այնքան շատ բան է տեսել, որ ուղղակի քննարկման առարկա չէ»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին, ապա Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ այնտեղ կան խնդրահարույց հարցեր: Դրանցից են, օրինակ, մաքսակետի հարցը, սահմանակետի հարցը և ռուս զինվորների ներկայությունը: Նա դրանք համարում է անընդունելի և կարծում է, որ կարող են հանգեցնել հերթական ցեղասպանության սպառնալիքի, որ չպետք է կիրառել կրկնակի ստանդարտներ: Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ պետք է առաջարկել մաքսակետ դնել նաև Ղրիմի ու Ռուսաստանի միջև, քանի որ Ղրիմի՝ ՌԴ-ին մաս դառնալը չեն ճանաչել Մաքսային միության անդամ երկրները:
ՀՀ նախկին արտգործնախարարը վստահ է, որ չի կայանալու Մաքսային միությունը, այն մնալու է թղթի վրա: Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակ էր, իսկ այսօր՝ բոլորովին այլ: Այդ մեկ տարվա ընթացքում ՌԴ-ն վերածվել է մեկուսացած, պատժամիջոցների ենթարկված երկրի:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ այս իրավիճակում ՌԴ-ի հետ ճանապարհ գնալը նշանակում է գնալ ընկերովի մահվան:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ